Ամանորի և Սուրբծննդյան տոների առթիվ ՀՀ նախագահի նստավայրում ընդունելություն է կազմակերպվել Հայաստանի գործարար համայնքի համար:
Սերժ Սարգսյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: «Ջերմորեն ողջունում եմ ձեզ նախագահական նստավայրում և ուրախ եմ, որ այսպիսի հանդիպումները դարձել են բարի ավանդույթ՝ Ամանորի նախաշեմին մենք հավաքվում ենք, միմյանց շնորհավորում և մաղթում հաջողություն: Առաջին հերթին ցանկանում եմ, որ 2018-ին ձեր ընտանիքներում տիրեն սերը, փոխհասկացվածությունը, հարգանքը, ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը 2018-ին ավելի շատ երջանկության և բավարարվածության զգացողություն ունենա: Դա շատ կարևոր է մեր երկրի, մեր հասարակության համար, որովհետև գաղտնիք չէ, որ ձեր հաջողությունները նշանակում են տնտեսական աճ, նշանակում են նոր աշխատատեղեր, նշանակում է բարեկեցություն:
Մաղթում եմ, որ 2018-ին շարունակեք այն ձեռքբերումները, որ ունեցել ենք 2017-ին, ոչ միայն շարունակեք ձեր գործը, ոչ միայն ընդլայնեք, այլև դառնաք նոր գաղափարների, նոր նախաձեռնությունների հեղինակներ: Դրա համար, կարծում եմ, երկու անհրաժեշտ պայման կա. առաջինը՝ ձեր կողմից ցանկություն, աշխատասիրություն, մտածելու երկար ժամանակ և երկրորդ՝ փոխվստահություն և համագործակցություն կառավարության հետ»,- ասել է ՀՀ նախագահը։ Նա կարծում է, որ 2017-ը կարելի է բնութագրել որպես կառավարության տնտեսական ոլորտի մարմինների և գործարարների համագործակցության տարի: «Այս առումով, բոլորդ էլ պետք է ինչ-որ չափով գոհ լինեք, երբ հունվարի 1-ից նոր ՀՀ Հարկային և ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքերը մտնեն ուժի մեջ, բոլորդ տեսնելու եք և, հավանաբար արդեն համոզվել եք, որ ձեր գրեթե բոլոր առաջարկությունները, որ հնչել են ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ ֆորմալ հանդիպումների ժամանակ, այնտեղ հաշվի են առնվել: Ես վստահ եմ, որ մենք 2018-ին ունենալու ենք շատ ավելի լավ արդյունքներ, քան 2017-ին, որովհետև 2017-ին արդեն բավականաչափ նախադրյալներ են ստեղծվել, որ տարին փակենք բավարար տնտեսական աճով: Կանխատեսումներ չանեմ, բայց կարծում եմ` տնտեսական աճ 6 տոկոսից ավելին ենք ունենալու: Փառք Աստծո, տնտեսական ակտիվության գործակիցը բավականաչափ մեծ է. արդեն 11 ամիսներին մենք ունեցել ենք աննախադեպ՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք արտահանման ցուցանիշ, որը մեր ՀՆԱ-ի 20 տոկոսն է: Մենք երբեք այդպիսի ցուցանիշ չենք ունեցել: Մեր առևտրաշրջանառությունն արդեն 11 ամիսների ընթացքում գերազանցել է 6 միլիարդ դոլարի շեմը՝ արտաքին առևտրաշրջանառության մասին է խոսքը, բայց որ չափազանց կարևոր է՝ նաև կառուցվածքային փոփոխություններ են տեղի ունեցել, 2012-2013-ին մենք ունեցել ենք գրեթե 6- միլիարդանոց արտաքին առևտրաշրջանառություն, որտեղ, օրինակ, պատրաստի սննդի արտահանումը այդ ցուցանիշում եղել է 12-13 տոկոս, իսկ հիմա գրեթե հասնում է մեկ քառորդի: Սա շատ լավ և կարևոր ցուցանիշ է: Ակնհայտ է, որ այսպիսի ցուցանիշները դրական են ազդում ֆինանսական, մակրոտնտեսական կայունության վրա»,- ասել է ՀՀ նախագահը։ Նրա խոսքով՝ առաջին անգամ է տևական ժամանակահատվածում, երբ դեկտեմբերին դրամը ճնշումներ չի զգում, ընդհակառակը՝ փորձում է բարելավել իր դիրքերը:
«Այս ամբողջը փոխկապակցված է, և կարծում եմ, որ փոխկապակցվածության մեջ հիմնական դերակատարությունը ձերն է, այնպես որ՝ բոլորիդ առաջարկում եմ նույն տեմպով կամ ավելի, շարունակեք աշխատանքը՝ հատկապես հաշվի առնելով, որ 2018-ի գարնանը մեր նոր Սահմանադրությունը ամբողջապես մտնելու է ուժի մեջ: Բայց ես ակնկալում եմ ձեզնից, որպես մեր հասարակության կարևոր մաս, որ դուք էլ շատ պարագաներում բարեփոխեք ձեր աշխատանքը: Առաջարկում եմ, որ 2018-ին բոլորս միասին հասնենք նրան, որ ոչ պաշտոնական՝ չփաստաթղթավորված, շրջանառությունը հասցնենք նվազագույնի: Մենք վարչապետի, կառավարության հետ նախնական պայմանավորվել ենք, որ պիտի այնպես անենք, որ 2018-ին ամբողջովին կարգավորենք փաստաթղթաշրջանառությունը: Սա օգտակար է բոլորիս՝ և ձեզ, և պետության, մեր բանակի ու մեր մանկավարժների, բոլորի համար:
Բոլորիդ կոչ եմ անում առանց սպասելու, առանց որևէ մեկի դրդման ինքներդ անցնեք այդ ճանապարհը: Մենք էլ մեր կողմից կանենք հնարավորը, որ համագործակցությունը լինի իրական, այլ ոչ թե՝ որպես ստուգող, կամ, չգիտեմ, պատժող մարմնի և բիզնեսով զբաղվող մարդու միջև: Մեկ անգամ ևս բոլորիդ մաղթում եմ առողջություն, հաջողություն և կրկնեմ՝ բավարարվածության շատ երկար պահեր: Սա բոլորիս աշխատանքում կարևոր է»,- ասել է ՀՀ նախագահը: